ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Դաշինքների հմայքներն ու թշվառությունը

Դաշինքների հմայքներն ու թշվառությունը
21.02.2017 | 01:14

Իհարկե, փոքր-ինչ դժվար է պատկերացնել, թե ընտրողը ոնց է գլուխ հանելու ինը «միավոր» համամասնական և ռեյտինգային ցուցակներից, որ չխճճվի թղթաբանական լաբիրինթոսում, այնուհանդերձ, «խաղը» մեկնարկեց:
Ասենք միանգամից` ներկայացված ցուցակների մասով որևէ «նոու-հաու»` չիք: Չնայած կոմկուսի հայտնվելը ԿԸՀ-ում ուղղակի «զգլխիչ» էր, որովհետև շատերս էինք մոռացել նրա գոյության մասին, և նման հայտը եթե ոչ սիմվոլիկ, ապա հաստատ «հարգանքի» ազդանշանում էր մայր-Ռուսիային, թե «նրանք հլը կան մեզանում» (սիրում է, չէ՞, գոսպոդին Պուտինը կոմունիստներին. Զյուգանովը՝ Գենան, հանց Իլյիչը, հավերժ կենդանի է Պետդումայում): Մի խոսքով` ոչ պակաս «բազմաչարչար» Ժիրինովսկու ասույթի մեջբերմամբ` «Կոմունիստներին խղճալ` ծերության պատճառով, լիբերալներին` գնդակահարել», անցնենք լիբերալների բլոկին:


Լիբերալները, որպես այդպիսին, ներկայացված են երեք ֆլանգով. «Ելք», «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ: Փորձագետների մեծ մասը պնդում է, որ նրանցից ՀԱԿ-ը կանցնի պառլամենտ, որովհետև միակն է ներկայացված դաշինքներից, որ Ղարաբաղի հարցում «այլընտրանքային» լուծմամբ է քաղդաշտ ընկղմվում, ինչն էլ պառլամենտի ապագա պալիտրայի համար խիստ անհրաժեշտ կլինի, ուստի ՀԱԿ-ի` «խաղաղություն, համերաշխություն, բարիդրացիություն» ներկայացվածությունն օդի-ջրի նման պետք կլինի թե՛ գեոխաղացողներին, թե՛ իշխանություններին, ինչու ոչ, նաև Հայաստանին: Սակայն այս դաշինքի դեպքում ամենամեծ հմայքը կլինի այն, որ ԼՏՊ-ն, դաշինքի հաղթանակի դեպքում, վայր չդնի մանդատը և զբաղվի պառլամենտական աշխատանքով: Հաստատապես պառլամենտում աշխատանքի որակն էապես կփոխվի, մթնոլորտն ու աուրան նույնպես, եթե էն կողմից էլ Ծառուկյանն սկսի վերջապես կատարել իր բուն պարտականությունը` մասնակցի ԱԺ նիստերին, ապա՜...


Հաջորդիվ. բավականին «համակրելի» է նաև «Ելք» դաշինքը. աչքահաճո կլիներ, եթե ապագա պառլամենտում նրա լիդերները ևս ներկայացված լինեին: Որոշակի թարմ, «նանո» ջիղ կա այդ թիմի մեջ:


Սակայն ԿԸՀ ներկայացված դաշինքներից ամենաէկզոտիկն ու անսպասելին «Օհանյան» դաշիքն էր: Ճիշտ է, Րաֆֆին միշտ է կարողանում «զադնի դնել» ու անակնկալներ մատուցել: Սակայն այս անգամ նա ուղղակի անակնկալների կասկադ մատուցեց. նախ` երրորդ տեղից «թռավ» տասնմեկ. իսկ թռավ, որպեսզի Վիկտոր Դալլաքյանին ապացուցի, որ ոչ թե տեղն է մարդուն զարդարում, այլ հակառակը (չնայած` Րաֆֆին այս անգամ բավականին լուրջ ու արդարացված պատճառ ունի մանդատը չվերցնելու): Ապա և` կյանքում առաջին անգամ նա «ոչ» ասաց Զառա Փոստանջյանին, ինչը ցայս «Ժառանգության» «կյանքում» չէր պատահել` թողնելով «Ժառանգության» քաջ տիկնոջը քաղաքականությունից դուրս, նա Արմեն Մարտիրոսյանին նախ «նշանակել» տվեց` դաշինքի երկրորդ հորիզոնականում, ապա և` շտաբի պետի պաշտոնի շնորհում «տվեց»:


Հարց՝ ինչո՞ւ այդպես: Մեր տեղեկություններով, թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Վարդան Օսկանյանն առանձնապես «հիացած և հմայված» չեն այլևս այդ դաշինքով, և որոշակի զարգացումների ամպլիտուդ այնտեղ դեռ սպասվում են` այդ երկուսի մասով, հետընտրական փուլում (նրանք կլքեն դաշինքը, եթե մինչ այդ չանեն դա): Արմեն Մարտիրոսյանը, որը համարվում է նաև «ապարանյան կլանի» ներկայացուցիչ (հարգանքներիս հավաստիքը Աղվան Գառնիկիչին), լավ կատարող է, նաև` հիմնավոր կապեր ունի «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա ծռերի» հետ, ինչի «կողքով» անտարբեր անցնել չէր կարող Սամվել Բաբայանը, այդ իսկ պատճառով Արմենը գտնված «մոհիկան» է հետընտրական զարգացումների համար` «միջհամայնքային» կապեր ապահովելու, միջանցք «բացելու», լարվածություն «հարուցելու» մասով:

Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակին, այն կառուցված է ներսի աչքի համար (առաջին երեք համարները բացարձակապես քարոզչական նշանակության են), դրսի աչքի համար` նույն երեքը` գումարած դրսի կառույցների հետ «լուրջ հարաբերակցութուններ» ունեցող Բաբլոյան-Ամիրյան զույգը, իսկ ահա Արմեն Աշոտյանով սկսվում է քաղաքական պլեադան, որպես ազդանշանում, որ սերնդափոխության լուրջ գործընթաց է սկսվել ՀՀԿ-ում, ինչը նույնպես «հմայիչ» է, եթե այդքան «թշվառ» չլիներ ՀՀԿ համամասնականի ցուցակի հաջորդ տասնյակը` տարիքա-«կիրառական առումով», էլ չենք ասում վերջինիս ռեյտինգային ցուցակը, ուր «բալզակյան» է ոչ միայն տարիքը, այլև կրքերը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի «հմայքներին ու թշվառությանը», այդ մասին` հաջորդիվ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ